ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ Հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակող մեր միակ ներկայացուցիչ Վլադիմիր Սարուխանյանն էլ ավարտեց ելույթներն Անկարայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մեր բռնցքամարտիկին կիսաեզրափակիչում չհաջողվեց առավելության հասնել թուրք Ֆաթիհ Կելեսի նկատմամբ (16-28): Այսպիսով, Սարուխանյանը բավարարվեց բրոնզե մեդալով, որը մեր հավաքականի միակ պարգեւն էր Անկարայում: Վերջին տարիներին եվրոպական ռինգում հայ բռնցքամարտիկները նման համեստ արդյունք չէին ցույց տվել: Եվրոպայի առաջնությունում հաջող են հանդես գալիս ռուսաստանցի բռնցքամարտիկները: Կիսաեզրափակիչում հանդես եկած 6 բռնցքամարտիկներն էլ հաջողությամբ հաղթահարեցին հերթական փուլի արգելքը եւ մտան եզրափակիչ: Առաջինն այդ պատվին արժանացավ Գեորգի Բալակշինը (52 կգ)ՙ հաղթելով իտալացի Վինցենզո Ռիկարդոյին (27-19): Մինչեւ 81 կգ քաշայինների մրցավեճում Նիկիտա Իվանովը պարտության մատնեց խորվաթ Հրվոջե Սեպին (32-20): Եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Մագոմեդ Օմարովը, որը 2-րդ ռաունդում պարտության մատնեց Միխեիլ Բախտիձեին: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի նաեւ Բելիկ Գալանովը, որն առավելության հասավ բուլղարացի Գեորգի Անդոնովի նկատմամբ (18-7): Հաջող էր նաեւ Դմիտրի Պոլյանսկու ելույթը, որը պարտության մատնեց թուրք Ուլաս Մեմիսին (18-8): Մինչեւ 75 կգ քաշային կարգում էլ եզրափակիչում Ռուսաստանը կներկայացնի Մաքսիմ Կորտյակովը, որը հաղթեց ուկրաինացի Դմիտրի Միտրոֆանովին (26-11): |